Jump to content

Ուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուդ
Տեսակավանդույթ և երաժշտական գործիքի տեսակ
Որակավորումnecked bowl lutes sounded by plectrum?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.321-6

Ուդ, լարավոր-կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկական բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբական երկրների ժողովրդական գործիքարանի հիմնական նվագարանը, նաև արաբական երաժշտության տոնայնության համակարգը ներկայացնելու և տեսականորեն բացատրելու հիմնական միջոցը։ Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ 14-րդ դարից մուտք է գործել Իսպանիա և Սիցիլիա, հանդիսացել եվրոպական լյուտնյայի (արաբ, al-ud անվանումից, որ նշանակում է «փայտ») նախատիպը։

Անվան ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նվագարանը հայտնի է հնագույն ժամանակներից, տարածված է եղել Միջագետքում, որտեղից էլ թափանցել է մինչև Պարսկաստան ու Հնդկաստան։ Տարբեր երկրներում անցել է զարգացման տարբեր ճանապարհներ, ինչն էլ հիմք է դրել նվագարանի տարատեսակների՝ իրենց տարբեր անուններով։ Օրինակ Սասանյան Պարսկաստանում հայտնի էր բարբաթ կամ բարբուդ անունով, միջնադարյան Եվրոպայում տարածված տեսակը կոչվում է լյուտնյա, իսկ այնտեղ թափանցել էր արաբների միջոցով, որոնք նվագարանին տվել էին ուդ անվանումը։ Արաբերենում անվանում են ուդ կամ ալ-ուդ, որ նշանակում է փայտ (հիշենք անգլերեն wood (վուդ) բառը, որ նույն իմաստն ունի)։

Նվագարանի ստեղծման և տարածման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ. 1-ին դարի Հելլենիստական խնջույքի տեսարան հայտնաբերված Աֆղանստանի տարածքում, Գանդհարայի Հադդա գավառում. հարթաքանդակում պահպանված է կարճակոթ և երկլարանի ուդ նվագող երաժիշտ (աջից առաջինը):

Այս ընտանիքի նվագարանների զարգացման պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, թեև հնագույն երաժշտության հարցերով զբաղվող մասնագետները համատեղ աշխատել են՝ միասին բացահայտելու համար նվագարանի անցած զարգացման ճանապարհը։ Ֆրանսիացի երաժշտագետ Ռիշար Դյումբրիլը փաստել է ավելի քան 5000 տարվա պատկերագրական ապացույցներ, ըստ որոնց այս նվագարանի նախատիպը խորը անցյալում տարածված է եղել Միջագետքում։ Որպես ապացույց նա հիշատակում է Միջագետքում հայտնաբերված Ք.ա. մոտավորապես 3100 թվականով թվագրվող գլանաձև մի կնիք, որն այսօր պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Այդ կնիքի մի կողմում նկատելի է ուդանման գործիք նվագող կնոջ պատկեր։ Դյումբրիլը և այլ երաժշտագետներ նշում են, որ ուդի կամ լյուտնյայի տարատեսակները տարածված են եղել անտիկ ժամանակաշրջանում՝ հունական պոլիսներում, Եգիպտոսում, էլամացիների ու հեթիթների երկրներում, Հին Հռոմում, Հին Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Հնդկաստանում ու Չինաստանում։ Դյումբրիլը ուդի կամ լյուտնյայի ընտանիքի նվագարանների մեջ ընդգրկում է նաև հունական փանդուրա, վրացական փանդուրի, տամբուր և տանբուր նվագարանները։ Առաջին երկուսի անվանումը հիշեցնում է պատմահայր Խորենացու հիշատակած փանդիռ նվագարանը, որը լայնորեն տարածված էր հին և միջնադարյան Հայաստանում, սակայն չի կարելի միանշանակ ասել, որ խոսքը նույն գործիքի մասին է, քանի որ անվանումների նմանությունը կարող է շփոթեցնող լինել։ Օրինակ քամանչա և քամանի նվագարանները խիստ տարբեր են միմյանցից, սակայն անվանումները շատ նման են։

Ուդի տարատեսակները, որ տարածված են Եվրոպայում և Ասիայում, բաժանվում են երկու հիմնական խմբի՝ երկար կոթ ունեցողներ և կարճ կոթ ունեցողներ։ Ըստ ուսումնասիրությունների, կարճ կոթով ուդը նախ տարածվել է Միջագետքի արևելքում, ապա Բակտրիայում և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնված Գանդհարա երկրում։ Այն ունի նշաձև իրան։ Երաժշտագետները կարծում են, որ նվագարանի այս տարատեսակը ձևավորվել է հյուսիս-արևմտյան հնդկական մշակույթի և նրա վրա ազդած հունական մշակույթի համադրությունից, որն էլ հետագայում հասել է մինչև Չինաստան ու Ճապոնիա։ Կարճակոթ ուդի ամենահին պատկերները վերաբերում են Ք.ա. 8-րդ դարի պարսկական կերպարվեստին և հայտնաբերվել են Սուսայում։

Պարսկական բարբաթի և արաբական ուդի թափանցումը Եվրոպա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանում հայտնաբերված 11-12-րդ դարերի կավե արձանիկ, որը ներկայացնում է ուդի նման գործիք նվագող երաժիշտի:

Մեր թվականության 224 թվականին կործանվեց Պարթևական թագավորությունը, որին փոխարինեց Սասանյան թագավորությունը։ Բակտրիան ու Գանդհարան մտան այս նոր թագավորության կազմի մեջ։ Այս ընթացքում Բակտրիայում մեծապես տարածված կարճակոթ և նշաձև իրանով նվագարանը կոչվում էր բարբաթ կամ բարբուդ, որն էլ ավելի ուշ, արաբերենի ազդեցությամբ հայտնի դարձավ ուդ անվանումով։ Երբ 711 թվականին արաբները նվաճեցին Անդալուզիան, նրանք այստեղ բերեցին ուդը, որտեղ նվագարանի մի տեսակը հայտնի էր դեռևս հռոմեական տիրապետության ժամանակներից՝ փանդուռա անվամբ (հիշենք հայկական աղբյուրներում բազմիցս հանդիպող փանդիռ անունով նվագարանը)։ 8-9-րդ դարերում արաբական աշխարհի շատ երաժիշտներ գաղթեցին Իբերիա (Իսպանիա)։ Նրանցից մեկն էլ Աբու-լ-Հասան Ալի իբն Նաֆին էր (ապրել է 789-857 թվականներին)։ Նա իր ժամանակաշրջանի հայտնի երաժիշտներից էր և Բաղդադում աշակերտել էր Իշաք-ալ-Մավսիլիին, իսկ 833 թվականին աքսորվել էր Անդալուզիա։ Նա երկար ժամանակ մտմտալուց հետո իր ուդի վրա ավելացնում է հինգերորդ լարը և դառնում Կորդովայի առաջին դպրոցներից մեկի հիմնադիրը։ 11-րդ դարում մուսուլմանների գերիշխանության տակ հայտնված Իբերիան դառնում է նվագարանների արտադրության կենտրոն։ Այդ ապրանքատեսակները հետզհետե թափանցում են Պրովանս` ֆրանսիացի տրուբադուրների և տրուվերների շնորհիվ։ Այստեղից էլ ավելի ուշ տարածվում են ամբողջ Եվրոպայում։ Մինչև Եվրոպայում կզարգանար լյուտնյան, ուդը մնաց որպես արաբական երաժշտության հիմնական բաղկացուցիչը, ինչպես նաև, զարգացման որոշ ճանապարհ անցնելուց հետո լայն կիրառություն գտավ նաև Օսմանյան կայսրությունում։

Չնայած կարճակոթ լյուտնյայի լայն տարածմանը Արևմտյան Եվրոպայում, ինչի շնորհիվ ստեղծվում են նվագարանի տարբեր տեսակները, Եվրոպայի արևելքում այն տարածված էր ավելի վաղ ժամանակներից, դեռևս 6-րդ դարից. այս նվագարանի կարճակոթ մի տարբերակը, որ կոչվում է քոմուզ, բուլղարներն էին բերել Բալկաններ։

Ուդի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագարանի իրանը ուռուցիկ ձվաձև է՝ կոր փայտաշերտերից սոսնձված, հարթ ծածկի վրա կան ձևավոր ձայնանցքեր։ Հայկական ուդը 6 լարանի է (առաջին հինգը՝ զույգ-զույգ), լարվածքը՝ կվարտա-սեկունդային (փոքր օկտավայի մի, լյա, սի, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի ռե)։ Արևելքի երկրներում ուդիի նվագացանկն ավանդական է (մակամներ և նման եղանակներ)։ Հայ կոմպոզիտորներն այն հարստացրել են հայկական ազգային բնորոշ հնչողություն ունեցող երգերով։ Հայ շնորհալի ուդահարներից էր Սողոմոն Գրիգորի Ալթունյանը (1896—1948)։

Ուդը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուդահարի պատկեր հայկական միջնադարյան ձեռագրում:

Հայկական միջավայրում ուդը հայտնի ու տարածված է եղել վաղնջական ժամանակներից։ Նվագարանի պատկերներ հանդիպում են միջնադարյան ձեռագրերում և տապանաքարերի վրա։ Ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էրիկ Նազարյանը նկարահանել է ֆիլմ՝ հայկական միջավայրում ուդի տարածվածության, ինչպես նաև այն պատրաստող վարպետների մասին։ Ռեժիսորի կարծիքով, այնքան էլ արդյունավետ չէ, երբ հայն է իրեն ու իր մշակույթը ներկայացնում, որքան՝ երբ թշնամի ազգն է պատմում, մեծարում, խոստովանում, նաև խոնարհվում հայ մշակույթի ու հայ վարպետների առջև։ Իր մի ֆիլմի նկարահանումների ժամանակ Էրիկ Նազարյանը Ստամբուլում հանդիպել է ազգությամբ ալևի ուդ պատրաստող ուստա Ջենգիզին, որի խանութում 1800-ական թվականներին պատրաստված 18 հատ ուդ կա՝ բոլորն էլ հայ վարպետների ձեռքի աշխատանք։ Վարպետ Ջենգիզի մասին պատմվում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի 781-րդ համարում պատմվում է մալաթիացի վարպետ Ջենգիզ Բելգինի մասին, որտեղ առավել մանրամասներ են հանդիպում նրա հավաքածուի մասին. այնտեղ կողք-կողքի են գտնվում 19-րդ դարի կեսարացի, թոքաթցի և յոզղաթցի հայ վարպետների պատրաստած ուդերը։ Թերթի լրագրողի հետ զրույցի ընթացքում Ջենգիզը հիշատակել է իր վարպետներից լսած հայ նշանավոր ուդահարների անունները՝ Արտակի Ջանդան, Սարը Օնիկը, որը եղել է Թոքաթի ու Սըվազի կողմերի հայերից, կեսարացի վարպետ Սերոբեն և Միրիջան Հակոբյանը։ Ջենգիզը նշել է, որ հայերի տնտեսական վիճակը նկատելի է նրանց պատրաստած ուդերից։ «Նայում ես օգտագործված փայտին և ասում, որ տնտեսական պայմանները սուղ են եղել, - ասել է նա։ - Մտածիր նաև այն ժամանակների մասին։ Միգուցե կինը տանն է, երեխայի է սպասում, շատ քիչ փող է վաստակում, հնարավոր է նաև քաղցած է։ Հիմիկվա պես հաղորդակցման հնարավորություններ չկային, հեռախոս չկար։ Սրանից ելնելով` կարող ես հասկանալ, թե ինչպիսի զգացմունքներով է ուդ պատրաստել։ Ուրախ է եղել, թե ոչ։ Այսինքն, այդ մարդուն հասկանում ես իր պատրաստած ուդի միջոցով։ Այդ իսկ պատճառով բոլորն էլ իրենց մեջ պահում են թանկագին կյանքի պատմություններ։ Այս ուդը մեկ վայրկյանում ներկայացնում է իր վարպետների ապրուստը։ Նայելով ուդի վրա կատարած նկարներին` տեսնում ես նրանց վիճակը։ Ստամբուլում մի ուդը կարող է աչքի առաջ սփռել մեկ մարդու, մեկ ընտանիքի կյանքը։ Ինձ համար իմ հավաքածուում գեղեցիկը հենց դա է։ Նրանք ինձ պատմում են բազմաթիվ վարպետների կյանքի մասին»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուդ» հոդվածին։