Ղազախներ
Ղազախներ (ղազախ. қазақтар), ազգ, Ղազախստանի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում և Աֆղանստանում։ Խոսում են ղազախերեն լեզվով, որը պատկանում է Թյուրքական լեզվախմբին։ Կրոնը իսլամն է, հավատացյաները սուննի դավանանքի մուսուլմաններ են։
Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջացել է ուսունների ցեղային միավորումը։ 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավարևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին։ Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջացել են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ՝ Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, օղուզների (9-11-րդ դարեր), կիմակների և ղփչաղների (8-11-րդ դարեր) միավորումները։ Էթնիկական միաձուլմանը նպաստել է Կարախանյանների պետությունը (10-12-րդ դարեր)։
12-րդ դարի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժել կիդանները, որոնք ի վերջո խառնվել են տեղի թյուրքալեզու բնակչությանը։ 13-րդ դարում Մոնղոլիայից և Ալթայից Ղազախստան են թափանցել նայմաններն ու կերեիտները։ 15-րդ դարի կեսին Ոսկե հորդայի արևելյան հատվածում առաջացել են Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր։ 15-րդ դարի վերջին, 16-րդ դարի սկզբին կազմավորվել է ղազախական ազգությունը՝ բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ։
Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը (19-րդ դարի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր անասնապահությունն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ։ Տարիների ընթացքում փոխվեց ղազախների կենցաղն ու մշակույթը, նրանք անցան նստակեցության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |