Վորթիցիզմ
Վորթիցիզմ (անգլ.՝ Vorticism), 20-րդ դարու ավանկարտիսթական արուեստի ուղղութիւն, որը ծագեր է Մեծ Բրիտանիոյ մէջ, մօտ է ֆութուրիզմին[1]:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վորթիցիզմը բացառապէս անգլիական մշակութային երեւոյթ է, մոտեռնիզմի անգլիական ճիւղ եւ հակազդեր է ինչպէս իմփրեսիոնիզմին, այնպէս ալ` դասական ուղղութիւն քլասիցիզմի գեղանկարչութեան աւանդոյթներուն: Վորթիցիզմի նախակարապետը եղեր է նկարիչ Ռոճըր Ֆրայը, որը ոճի ներկայացուցիչներու համար ճանապարհ հարթեր է իր «Մանէն եւ փոսթիմփրեսիոնիսթները»[2]»» (1910) եւ «Անգլիացի, ֆրանսացի եւ ռուս նկարիչներու երկրորդ փոսթիմփրեսիոնիսթական ցուցահանդէս» (1912 տարի) ցուցահանդէսներով:
Վորթիցիզմի ձեւաւորման վրայ մեծ ազդեցութիւն ունեցեր է իտալական ֆութուրիզմը: 1910 թուականին Լոնտոն եկեր է Ֆիլիփօ Մարինեթթին եւ դասախօսութիւններ կարդացեր է ֆութուրիզմի մասին կանանց Լայսիըմ ակումբին մէջ (Lyceum Club for Women), իսկ 1912 թուականին լոնտոնեան Սաքուիլ պատկերասրահը դարձեր է երկրորդ վայրը, ուր ցուցադրուեր է ֆութուրիստական մեծ շարժական ցուցահանդէսը:
1914 թուականին որոշ անգլիացի նկարիչներ, որոնցմէ յիշատակելի են հետեւեալները՝ Ուինտհըմ Լուիսը (Wyndham Lewis), Լօրենս Աթքինսոնը (Lawrence Atkinson), Տէյվիտ Պոմբերկը (David Bomberg) եւ բանաստեղծ Էզրա Փաունտը (Ezra Pound), ստեղծեր են գեղարուեստական միաւորում, որը հիմնուած էր ճարտարարուեստական ծաղկման եւ մեծ քաղաքներու (megapolis)` հետագային եւրոպական քաղաքակրթութեան վրայ ունենալիք վճռորոշ ազդեցութեան հասկացութեան վրայ: Այս գեղարուեստական ուղղութեան տպագիր օրկան դարձեր է Լուիսի կողմէն թողարկուող «Blast» ամսագիրը, որը գոյութիւն ունեցեր է երկու տարի եւ թողարկուեր է երկու անգամ, 1914 թուականի Յուլիսին եւ 1915 թուականի Յուլիսին: Փաունտը շարժման գաղափարական ոգեշնչողն էր[3]:
Վորթիցիզմը կը պայքարէր գեղանկարչութեան մեջ իրապաշտութեան (realism) աւանդոյթներու դէմ, կը ժխտէր արուեստի բարոյական երեւոյթը եւ կը պնդէր, որ գեղարուեստական իւրաքանչիւր արարում ինքնուրոյն է: Դրանից բացի, վորթիցիսթները ֆրանսական գեղարուեստական դպրոցի հակառակորդներն էին եւ իրենց կը համարէին անգլիական նորտիական արուեստի ներկայացուցիչներ: Ըստ անոնց, ժամանակակից ոգիին մէջ յատուկ ռիթմ կը զգացուէր, որը ծնած է փոփոխութիւններու փոթորիկէն: Միեւնոյն ժամանակ, վորթիցիսթները համընդհանուր առաջընթաց կը տեսնէին ոչ թէ նոր ինքնաշարժներու կամ օդանաւներու արագութեան չափումներուն մէջ, այլ` գործառութային կառուցուածքներու եւ հասարակութեան ներքին կազմակերպման փոփոխութիւններուն մէջ: Իրենց աշխատանքները վորթիցիզմի ներկայացուցիչները դիտարկեր են որպէս վէճ` ժամանակակից ճարտարարուեստական քաղաքակրթութեան դէմ, ուր մարդն իրեն մեծ քաղաքներու եւ զանգուածային արդիւնաբերութիւններու գերի կը զգայ: Իտալացի ֆութուրիսթներու կողմէն մեքենական շարժման առջեւ խոնարհումը վորթիցիսթները մերժեր են` համարելով այն զգացական ռոմանթիզմ: Վորթիցիզմը որպէս գեղարուեստական ուղղութիւն մարեր է Առաջին համաշխարհային պատերազմի աւարտին:
Առաւել յայտնի վորթիցիսթ նկարիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տէյվիտ Պոմպերկ
Ճեսիքա Տիսմոր
Ճէյքըպ Էփսթայն
Անրի Կօտիէ Պժեսքա
Էլվին Քոպուրն (լուսանկարիչ)
Ուինտհամ Լուիս
Էզրա Փաունտ
Ուիլիամ Ռոպըրթս
Էտուարտ Ուուսվորթ
Տորոթի Շէքսփիր
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Вортицизм // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-Х
- Sylvia Martin «Futurismus», Köln 2005
- Susanne Kappeler «Der Vortizismus in der englischen Avantgarde zwischen 1913 und 1915», Bern 1986.
|
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ольга Борисовна Краснова Энциклопедия искусства XX века. — ОЛМА Медиа Групп, 2002. — 351 с. — ISBN 9785224032419
- ↑ Altshuler B. From salon to biennale: exhibitions that made the art history. Vol. I.. — London: Phaidon, 2009. — С. 85.
- ↑ Авангард в культуре XX века: 1900-1930 гг. : теория, история, поэтика. — ИМЛИ РАН, 2010. — 710 с. — ISBN 9785920803634