Վիեննայի վեհաժողով
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։
Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։
Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։
Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։
Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։
Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը)։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։
Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշթայնը։
Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Լեհաստանը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։
Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։
Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց Սարդինական թագավորությունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Սավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին Պոզնանը, Գդանսկը (Դանցիգը) և Տորունը, Սաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած Հռենոսյան մարզը և Վեստֆալիան։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան Լոմբարդիան և նախկին Վենետիկի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց Ադրիատիկ ծովում)։
Իտալական Պարմա, Մոդենա, Տոսկանա դքսություններում գահ բարձրացան Հաբսբուրգների դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշխանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ Աարդինական թագավորության։
Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։
Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը (Մալթան՝ Միջերկրական ծովում, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայի հարավում և Ցեյլոն կղզին)։
Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականիի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 427)։ |
- Նապոլեոնյան պատերազմներ
- 1815 Եվրոպայում
- Միջազգային կոնֆերանսներ
- 1815 կոնֆերանսներ
- 19-րդ դարի դիվանագիտական կոնֆերանսներ
- Հաշտության համաձայնագրեր
- Եվրոպայի քաղաքական պատմություն
- Իտալիայի ժամանակակից պատմություն
- Ռուսական կայսրության պայմանագրեր
- Ֆրանսիայի պատմություն
- Պրուսիայի թագավորության պայմանագրեր
- 1815 միջազգային հարաբերություններում
- 1814 միջազգային հարաբերություններում