Դորա Բակոյաննի
Դորա Բակոյաննի հուն․՝ Ντόρα Μπακογιάννη | |
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն |
---|---|
Կրթություն՝ | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Աթենքի համալսարան և German School of Athens? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 6, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Դինաստիա | Mitsotakis family? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ի ծնե անուն | հուն․՝ Θεοδώρα Μητσοτάκη |
Հայր | Կոնստանտինոս Միցոտակիս |
Մայր | Մարիկա Միցոտակի |
Ամուսին | Isidoros Kouvelos? |
Զավակներ | Kostas Bakoyannis? և Alexia Bakoyannis? |
Կայք՝ | dorabak.gr |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Թեոդորա «Դորա» Բակոյաննի (հուն․՝ Θεοδώρα "Ντόρα" Μπακογιάννη; արտասանություն: [ˈdoɾa bakoˈʝani], օրիորդական ազգանունը՝ Միցոտակիս, հուն․՝ Μητσοτάκη; մայիսի 6, 1954[1], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ։ 2006 - 2009 թվականներին եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարար, որը կնոջ կողմից երբևէ զբաղեցված ամենաբարձր պաշտոնն էր Հունաստանի կառավարությունում։ 2009 թվականին եղել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահը։ Դրանից առաջ, 2003-2006 թվականներին Աթենքի քաղաքապետն էր՝ առաջին կին քաղաքապետը քաղաքի պատմության ընթացքում և առաջին կինը, որն Օլիմպիական խաղեր հյուրընկալող քաղաքի քաղաքապետ էր։ 1992-1993 թվականներին եղել է Հունաստանի մշակույթի նախարարը։
Բակոյաննին աշխատել է որպես հելլենական պառլամենտի անկախ անդամ, որը ոչ պաշտոնապես ներկայացնում էր 2010 թվականին իր կողմից հիմնադրված «Ժողովրդավարական դաշինք» քաղաքական կուսակությունը, երբ կուսակցության ուղեգծին հակառակ քվեարկելու համար նրան հեռացրել էին «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից։ 2012 թվականի մայիսին ընտրություններից առաջ Հունաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի պատճառով «Ժողովրդավարական դաշինք»-ը որոշել է համագործակցել «Նոր դեմոկրատիա»-ի հետ ու կասեցնել իր գործունեությունը[4]։ Դորա Բակոյաննին միացել է «Նոր դեմոկրատիա»-ին 2012 թվականի մայիսի 21-ին՝ հունիսյան պառլամենտական ընտրություններից առաջ։
Վաղ կյանք ու կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակոյաննին ծնվել է 1954 թվականին Աթենքում, հունական քաղաքականության մեջ հայտնի ընտանիքում։ Հույն քաղաքական գործիչ, Հունաստանի նախկին վարչապետ ու «Նոր դեմոկրատիա» աջ - կենտրոնամետ գլխավոր քաղաքական կուսացության նախկին առաջնորդ Կոնստանտինոս Միցոտակիսի ու վերջինիս կնոջ՝ Մարիկա Միցոտակիսի չորս զավակներից ավագն է։ Նրանց ընտանիքը սերում է Կրետե կղզու Խանիա քաղաքից և հունական քաղաքականության մեջ մեծ ավանդ ունի։ Բացի իր հայրիկից ու իրենից, ընտանիքի անդամներից հանրահայտ քաղաքական գործիչներ են նաև պապիկը՝ Կիրակոսը և եղբայրը՝ Արիստոմենիսը, իսկ մյուս եղբայր Կիրիակոսը Հունաստանի գործող վարչապետն է։ Դորան նաև Էլեֆթերիոս Վենիզելոսի քրոջ թոռնուհին է։ Քաղաքականության մեջ տասնամյակների այս ներգրավվածությունը համարվել է Հունաստանի քաղաքական կյանքում ընտանեկան կառավարման վկայություն։
Վաղ մանկության տարիներին հաճախել է Աթենքի գերմանական դպրոցը։ 1968 թվականին, երբ նրանց ընտանիքը հունական ռազմական խունտայի (Սև գնդապետներ) կողմից արտաքսվել է Փարիզ, Դորան միջնակարգն ավարտել է այնտեղի գերմանական դպրոցում։ Հետո Մյունխենի համալսարանում ուսանել է քաղաքագիտություն ու հաղորդակցություն, սակայն համալսարանը չի ավարտել։ Խունտայի տապալումից հետո վերադարձել է Հունաստան ու Աթենքի համալսարանում շարունակել ակադեմիական ուսումնառությունը հանրային իրավունքի բնագավառում։ Բացի հունարենից տիրապետում է նաև անգլերենին, ֆրանսերենին ու գերմաներենին։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթի նախարար, 1992-1993
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի նոյեմբերի պառլամենտական ընտրությունների ժամանակ Բակոյաննին հաջողությամբ զբաղեցրել է իր հանգուցյալ ամուսնու տեղը Եվրիտանիայի ընտրատարածքում, 1990 թվականի ընտրություններում վերընտրվել որպես հելլենիստական պառլամենտի անդամ ու աշխատել որպես պառլամենտական քարտուղար, որին նախորդել էր իր հայրիկի ընտրությունը որպես վարչապետ։ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 1992 թվականի օգոստոսն աշխատել է միջազգային հարցերով զբաղվող քարտուղարությունում և «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացրել է Եվրոպական դեմոկրատական միությումնում ու Միջազգային դեմոկրատական միությունում։ 1992 թվականի դեկտեմբերից եղել է Հունաստանի մշակույթի նախարար մինչև 1993 թվականի պառլամենտական ընտրությունը, երբ նա վերընտրվել է որպես գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Նոր դեմոկրատիա»-ի պառլամենտական անդամ։
Ընդդիմության տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի ապրիլի 29-ին «Նոր դեմոկրատիա» կուսակցության երրորդ համաժողովը Բակոյաննիին ընտրել է կուսակցության կենտրոնական կոմիտեում։ 1996 թվականի ընտրության ժամանակ նա առաջին անգամ եղել է Աթենքի Ա ընտրատարածքի թեկնածուն և կրկին ընտրվել է պառլամենտի անդամ՝ առաջ անցնելով ցուցակում մյուսներից[5], մի բան, որը կրկնվել է նաև 2000 թվականի ընտրության ժամանակ[6]։ 1997 թվականի մարտի 22-ին «Նոր դեմոկրատիա» կուսակցության չորրորդ համաժողովը Բակոյաննիին նորից ընտրել է կուսակցության կենտրոնական կոմիտեում։ Նա հետագայում երկու անգամ եղել է կուսակցության գործադիր կոմիտեի նախագահը։ 1997 թվականի սեպտեմբերին կուսակցության առաջնորդ Կոստաս Կարամանլիսի կողմից նշանակվել է կուսակցության զարգացման բաժնում, որից հետո 2000 թվականի մայիսին՝ արտաքին գործերի ու պաշտպանության ստվերային նախարար (կառավարություն՝ սպասման ռեժիմում)։
Աթենքի քաղաքապետ, 2002-2006
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի մարտի 29-ին Կոստաս Կարամանլիսը Աթենքի քաղաքապետի պաշտոնի համար Բակոյաննիին առաջադրել է 2002 թվականի տեղական ընտրություններում, որպեսզի ընդգծի «Նոր Դեմոկրատիայի» աճող ազդեցությունը ի հակադրություն գործող պանհելլենիստական - սոցիալական շարժման։ Քաղաքի 3500-ամյա պատմության մեջ նա ընտրվել է որպես առաջին կին քաղաքապետ[7], հաղթելով իր սոցիալիստ հակառակորդ Քրիստոս Պապոութսիսին ու ստանալով ընտրողների ձայների 60.6% -ը։ Որպես քաղաքապետ լրջորեն զբաղվել է 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպմամբ, լինելով օլիմպիական խաղեր[7] հյուրընկալող քաղաքի առաջին կին քաղաքապետը և օլիմպիական դրոշը փոխանցել է Պեկինի քաղաքապետ Վան Ցիշանին։ 2005 թվականին արժանացել է «Լավագույն քաղաքապետ» միջազգային մրցանակին[8]։
2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հրավերով Բակոյաննին միացել է եվրոպացի 12 բարձրաստիճան անկախ գործիչների խմբին՝ հանդես գալով որպես հեղինակավոր կլոր սեղանի համաժողովի անդամ, ու ներկայացրել նոր Եվրոպային վերաբերող սոցիալական բնույթի, ինչպես նաև մշակութային ինքնությանն ու տնտեսական ապագային առնչվող առաջարկներ։
Արտաքին գործերի նախարար, 2006-2009
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ Բակոյաննին պաշտոնը հանձնել է իր հաջորդ Ֆոտինի Պիպիլիին, որպեսզի 2006 թվականի փետրվարի 15-ին զբաղեցնի Հունաստանի արտգործ նախարարի պաշտոնը՝ այդպիսով դառնալով Հունաստանի կառավարության պատմության մեջ առաջին բարձրաստիճան կինը[9]։ 2007 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ կարողացել է պահպանել պաշտոնը՝ Աթենքի Ա ընտրատարածքից բոլոր թեկնածուներին ևս մեկ անգամ հաղթելով ընտրվելով հելլենական պառլամենտի անդամ[10]։ Որպես արտգործ նախարար 2006 թվականի սեպտեմբերին Բակոյաննին ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Հունաստանի նախագահությունը, երբ միջազգային լարվածություն կար Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի շուրջ ու Միավորված ազգերի կազմակերպության կողմից Լիբանանում միջնորդավորված անկայուն զինադադար։
Իր պաշտոնավարման ընթացքում Դորան խթանել է համագործակցությունը Բալկաններում, որտեղ հունական ընկերությունները լուրջ ներդրումներ ունեին, ճամփորդել է դեպի Միջին Արևելք՝ խնդիրներին լուծումներ գտնելու համար ու մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովներին՝ տարածաշրջանի զարգացումը քննարկելու համար[9]։ Նաև խթանել է Լիսաբոնի պայմանագրի վավերացումը և աջակցել Միջերկրածովյան միության Նիկոլա Սարկոզիի նախագծին, բայց Թուրքիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հետ հաշտության չի հասել համապատասխանաբար Կիպրոսի հիմնախնդրի ու Մակեդոնիայի անվան վիճարկման հարցի շուրջ[11]։
ԵԱՀԿ գործող նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարից մինչև նույն տարվա հոկտեմբերի 6-ը Բակոյաննին եղել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահ։ Որպես ԵԱՀԿ-ի քաղաքական ղեկավար նա պատասխանատու էր կազմակերպության արտաքին ներկայացուցչության և նշանակումների համար։ Վերահսկում էր նաև ԵԱՀԿ-ի գործառույթները հակամարտության կանխարգելման, ճգնաժամի կառավարման և հետպատերազմյան վերականգնումների բնագավառներում։ Նախագահության ընթացքում նրան օգնում էին իր աշխատակիցները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն, ինչպես նաև իր նախորդը՝ Ալեքսանդր Ստուբբը և հաջորդը՝ Մարատ Տաժինը, որոնք Բակոյաննիի հետ կազմել էին ԵԱՀԿ եռապետությունը[12]։
Հետագա քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 7-ին Բակոյաննիին վտարել են «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից, քանի որ նա ընդիմացել էր կուսակցության գաղափարին ու կողմ քվեարկել օրենսդրական մի նախագծի, որով անհրաժեշտ խիստ միջոցներ էին ձեռնարկվելու Եվրամիություն-Արժույթի միջազգային հիմնադրամ կազմակերպությունների կողմից ապահովվող վարկավորման համար[13]։ Նա շարունակել է պահպանել իր տեղը պառլամենտում, որպես անկախ պատգամավոր։ 2010 թվականին նոյեմբերի 21-ին հիմնել է իր սեփական քաղաքական կուսակցությունը, որը կոչվում էր «Ժողովրդավարական դաշինք»[14]։
2012 թվականից լինելով Հունաստանի պատվիրակը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, Բակոյաննին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահն է։ Նա նաև քաղաքական գործերի ու ժողովրդավարության հանձնաժողովի անդամ է, որը ղեկավարել է 2014 - 2016 թվականների ընթացքում, Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի մոնիտորինգային համազեկուցող[15] և Սիրիական ճգնաժամի մասին զեկուցող[16]։ 2019 թվականին ներկայացրել է իր թեկնածությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլենդին հաջորդելու համար[17], սակայն Խորվաթիայի արտգործ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հաղթել է նրան։
2015 թվականին Վոլֆգանգ Իշինգերի գլխավորած Եվրոպական անվտանգության հարցերով ԵԱՀԿ երևելի անձանց հանձնախմբի անդամ էր[18]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն, տնօրենների խորհրդի անդամ[19]
- Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդ, խորհրդի անդամ[20]
Գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի մարտին Կանանց միջազգային կենտրոնը Բակոյաննիին արժանացրել է միջազգային առաջնորդության մրցանակի, իսկ 1993 թվականի հուլիսին մշակույթի բնագավառում արժեքավոր ներդրումների համար Ֆոնտանա դի Ռոմա 14-րդ միջազգային սիմպոզիումը գնահատել է նրան։
2005 թվականին արժանացել է «Լավագույն քաղաքապետ» մրցանակի, որով պարգևատրվում են իրենց քաղաքների համար ջանք չխնայած քաղաքապետները։ 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով Աթենքում անցկացնելուն, ինչպես նաև քաղաքն իր բնակիչների շահերին համապատասխանեցնելուն ու ահաբեկչության դեմ նրա պայքարին ուղղված գործողություններն են օգնել նրան ստանալ այդ մրցանակը։ Ինտերնետ քվեարկության մրցույթի ընթացքում նրան մեծապես օգնել է հունական համայնքը, նաև հազարավոր քվեներ է ստացել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի տարբեր երկրներից ու Ավստրալիայից[21]։ Շարունակաբար ընդգրկված է եղել 2006-2008 թվականների Ֆորբս ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում»[22][23][24]։ 2008 թվականին Տիրոլ նահանգի ու Ինսբրուք քաղաքի կողմից արժանացել է «Մաքսիմիլիան կայսեր մրցանակ»-ին[25]։ 2009 թվականին Հումանիտար և քաղաքական գիտությունների ֆրանսիական ակադեմիայի կողմից ճանաչվել է առաջին օտարերկրացի կին գործընկերը[26]։ Նույն տարում Զալցբուրգի Գիտությունների ու Արվեստի եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է «Պատվավոր սենատոր» կոչման[27]։ 2010 թվականին Դորա Բակոյաննին արժանացել է Ֆրանսիական Հանրապետության Պատվավոր Լեգեոնի շքանշանի[28]։
2008 թվականի մարտի 21-ին Ալբանիա կատարած պաշտոնական այցի առիթով ստացել է մայրաքաղաք Տիրանայի խորհրդանշական բանալու կրկնօրինակը[29]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականի դեկտեմբերին Դորան ամուսնացել է լրագրող Պավլոս Բակոյաննիի հետ և նրանից ունեցել երկու զավակ՝ Ալեքսիա և Կոստաս։ 1977 թվականին քննություն է հանձնել ֆինանսների նախարարությունում և նշանակվել Եվրոպական տնտեսական համագործակցության բաժանմունքում։ 1984 թվականին Նոր դեմոկրատիա կուսակցության առաջնորդի պաշտոնում իր հայրիկն ընտրվելուց հետո Դորան դարձել է նրա աշխատակազմի ղեկավարը մինչև 1989 թվականը։ 1989 թվականի սեպտեմբերի 26-ին նրա ամուսինը, որը 1989 թվականի հունիսի ընտրությունների ժամանակ ընտրվել էր հելլենական պառլամենտի անդամ, իր գրասենյակ մտնելիս սպանվել է «Նոյեմբերի 17-ի հեղափոխական կազմակերպության» անդամների կողմից։ 1998 թվականին Դորան երկրորդ անգամ ամուսնացել է գործարար Իզիդորոս Կուվելոսի հետ, սակայն պահպանել է իր հանգուցյալ ամուսնու ազգանունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/297665
- ↑ https://www.worldmayor.com/results05/worldmayor_results05.html
- ↑ https://www.tanea.gr/ellada/article/?aid=4722752
- ↑ Οι πρωταθλητές της "σταυρομαχίας" (Greek). To Vima online. 2000 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «O κ. Κακλαμάνης στον "λάκκο των δελφίνων"» (Greek). To Vima online. 2006 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 «#66 Dora Bakoyannis». Forbes. 2006 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ https://www.worldmayor.com/results05/worldmayor_results05.html
- ↑ 9,0 9,1 «#67 Dora Bakoyannis». Forbes. 2007 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «National Elections 2007 - A' Athinon - Candidates». Ministry of Interior website. 2007 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «#78 Dora Bakoyannis». Forbes. 2008 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Chairmanship - Chairperson-in-Office». OSCE. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Bakoyannis expelled from ND Արխիվացված Մայիս 8, 2010 Wayback Machine
- ↑ «Bakoyannis founds 'Democratic Alliance' party». Athens News Agency. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Russia's new law on 'undesirable' foreign NGOs endangers the right of free expression, said PACE co-rapporteurs Parliamentary Assembly of the Council of Europe, press release of May 29, 2015.
- ↑ Dora Bakoyannis: ‘There is space for Europe to play a useful role in Syria’ Parliamentary Assembly of the Council of Europe, press release of March 13, 2018.
- ↑ Election of the Secretary General of the Council of Europe: Candidatures received Council of Europe, press release of January 11, 2019.
- ↑ Panel of Eminent Persons on European Security as a Common Project Organization for Security and Co-operation in Europe, press release of January 12, 2015.
- ↑ Board of Directors Արխիվացված 2018-10-22 Wayback Machine Centre for European Policy Studies (CEPS).
- ↑ Members of the Council European Council on Foreign Relations (ECFR).
- ↑ «Dora Bakoyannis, Mayor of Athens wins the 2005 World Mayor Award». World Mayor. 2005. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «The 100 Most Powerful Women». Forbes. 2006 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «The 100 Most Powerful Women». Forbes. 2007 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «The 100 Most Powerful Women». Forbes. 2008 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Emperor Maximilian Prize
- ↑ Associate Member of the French Academy(չաշխատող հղում)
- ↑ Honorary Senator European Academy
- ↑ National Order of the Chivalry of the Legion of Honour Արխիվացված Սեպտեմբեր 26, 2011 Wayback Machine
- ↑ Received a copy of the key of the city of Tirana Արխիվացված Հոկտեմբեր 5, 2011 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.) (հուն.)
- Dora Bakoyannis' biography in the Wayback Archive of the Ministry of Foreign Affairs website (անգլ.) (ֆր.) (հուն.)
- Dora Bakoyannis ՅուԹյուբում
- World Mayor 2005
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Աննա Պսարուդա-Բենակի |
Մշակույթի նախարար 1992–1993 |
Հաջորդող: Մելինա Մերկուրի |
Նախորդող: Դիմիտրիս Ավրամոպուլոս |
Աթենքի քաղաքապետ 2003–2006 |
Հաջորդող: Նիկիտաս Կակլամանիս |
Նախորդող: Պետրոս Մոլիվիատիս |
Հունաստանի արտաքին գործերի նախարար 2006–2009 |
Հաջորդող: Գեորգիոս Պապանդրեու Կրտսեր |
Նախորդող: Ալեքսանդր Ստուբբ |
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահ 2009 |
Հաջորդող: Գեորգիոս Պապանդրեու Կրտսեր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Բակոյաննի» հոդվածին։ |
|
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Աթենքի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 6 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Հույն կին դիվանագետներ
- Հունաստանի կին քաղաքական գործիչներ
- Հունաստանի նախարարներ
- Հունաստանի քաղաքական գործիչներ
- Քաղաքական ընտանիքներ