Անգղեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, գիշանգղ։ Կենդանի զանգվածը 2-12 կգ է։ Հիմնական սնունդը դաշտերում գտնված լեշերն են։ Գիշանգղը և գառնանգղը կարող են որսալ մանր ու միջին չափերի ողնաշարավորներ։
Բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական։
Հայտնի է իսկական անգղերի 16 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում։
Հայաստանում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը։ Անգղերն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում։
Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում։
Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա։ Օդում ճախրելիս, հաճախ՝ մի քանի կիլոմետր բարձրությունից, նրանք սրատես աչքերով ուշադիր զննում են իրենց տիրույթները և լեշը նկատելուն պես անմիջապես իջնում վրան։
Անգղերը հիմնականում սնվում են լեշով, բացառությամբ արմավենային անգղի, որը սնվում է պտուղներով։ Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։
Սև անգղն ու սպիտակագլուխ անգղը պաշտպանության կարիք ունեն և գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 384)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։