Ազգագրություն
Ազգագրություն (Էթնոգրաֆիա՝ հունարեն «ἔθνος» (ժողովուրդ) և «γράφω» (գրում եմ)), պատմագիտական գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդներին, նրանց ծագումնաբանությունը, վերաբնակեցման կազմը, նյութական և հոգևոր մշակույթը, համայնքային առանձնահատկությունները, այդ թվում նաև կենցաղը, սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները։ Այն սերտորեն կապված է պատմության, հնագիտության, սոցիոլոգիայի, լեզվաբանության, մարդաբանության, բնագիտության, աշխարհագրության, երաժշտության հետ։
Ուսումնասիրության առարկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգագրության ուսումնասիրության հիմնական առարկան աշխարհի ժողովուրդների, նրանց հոգևոր և նյութական մշակույթի, պատմական զարգացման ուսումնասիրությունն է։ Կարևոր նշանակություն ունի էթնոգենեզի՝ այս կամ այն էթնոսի ծագման պատմության, սոցիալական ինստիտուտների կայացման ուսումնասիրությունը։ Մեծ ուշադրություն է դարձրվում նաև միջէթնիկ հարաբերություններին։
Ազգագրություն և ազգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս երկու հասկացությունների ճակատագիրը հիմնականում ուղեկցվել է որոշակի պատմական պայմաններով։ Այսպիսով, XVIII-XIX դարերում հիմնականում կիրառվել է «ազգագրություն» («Էթնոգրաֆիա») հասկացությունը, այն դեպքում, երբ արևմտյան Եվրոպայում կիրառվում էր «Մարդաբանություն» («Անթրոպոլոգիա») և ազգաբանություն («էթնոլոգիա») հասկացությունները[1][2]։
Նիկոլայ Խարուզինը (1865—1900 թթ.) ազգագրությունը սահմանել է որպես գիտություն, «որն ուսումնասիրում է առանձին ցեղերի և ժողովուրդների կենցաղը, ձգտում է հայտնաբերել այն կանոնները, որոնցով ընթացել է մարդկության զարգացումը՝ մշակույթի ստորին աստիճաններից սկսած»[3]։ Տերմինը լայնորեն սկսել է օգտագործվել 1920-1930-ական թվականներին՝ հանդես գալով որպես ժողովուրդների մասին գիտություն և պատմագիտական օժանդակ գիտակարգ։
«Էթնոս» հասկացությունն ազգագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս XIX դարում առաջ են գալիս առաջին փորձերը բացատրելու համար, թե ինչ են նշանակում «էթնոս», «ժողովուրդ» հասկացությունները։ Առաջիններից մեկը փորձեց Ադոլֆ Բաստիանին։ Նա եկավ այն եզրակացությանը, որ էթնոսի գոյության տեսակներ են ցեղը, ազգը, էթնիկ խմբերը՝ որպես ինքնաբավ, ինքնաստեղծ կազմավորումներ՝ ստեղծված էթնիկական ինքնագիտակցության վերարտադրման և էթնիկական միասեռ ամուսնությունների ճանապարհով[4]։ Այսպիսի բացատրությունը չէր կարող բավարարել հետազոտողներին, քանի որ հաշվի չէին առնվում տարբեր գործոններ, ինչպես օրինակ՝ էթնոմշակութային և լեզվական ասիմիլացիաները։ Էվոլյուցիանիստների, ինչպես նաև Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ազդեցությամբ առաջ է գալիս նոր տեսություն. էթնոսները՝ որպես պատմության ընթացքում առաջացած սոցիալական խմբեր։
Խորհրդային Միությունում նույնպես անցկացվել են հետազոտությունները «էթնոս» հասկացության բնույթի վերաբերյալ։ Տեսական հիմնական դրույթներից մեկը առաջադրել է Յուլիան Բրոմլեյը՝ առանձնացնելով «էթնիկոս» հասկացությունը՝ որպես էթնոս լոկալ իմաստով և էթնոսը՝ որպես էթնոսոցիալական օրգանիզմ[5]։ Ըստ նրա՝ «էթնիկոսները և էթնոսոցիալական օրգանիզմները էթնիկական հանրույթների հիմնական տեսակներն են։ Բայց դրանցով մարդկության էթնիկական կառուցվածքը չի սպառվում։ Շատ էթնոսներ, հատկապես խոշորները, հաճախ իրենք են կազմված լինում, այսպես կոչված ենթաէթնոսներից կամ ազգագրական խմբերից։ Այս տերմիններով ընդունված է անվանել էթնոսի այն տարածական մասերը, որոնք առանձնանում են խոսակցական լեզվի, մշակույթի, կենցաղի լոկալ առանձնահատկությամբ, ունեն իրենց ինքնաանվանումը և այսպես կոչված երկակի ինքնագիտակցությունը։ Ազգագրական խմբերը երբեմն ծագում են էթնոսի սոցիալ-կրոնական տարբերակման արդյունքում, ինչպես նաև էթնիկական տարածքի խոշոր ընդլայնման դեպքում, երբ էթնոսի գաղթող մասերն ընկնում են բնական տարբեր միջավայր, փոխազդում հարևան տարբեր էթնոսների հետ և այլն»[6]
Ժամանակակից ազգաբանության և ազգագրության մեջ կարևորագույն է համարվում «էթնիկություն» հասկացությունը՝ որպես լեզվական, մշակութային և հատկանիշների համագումար, որը տարբերում է մի սոցիումը մյուսից։
Հետազոտական մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր գիտություն, այդ թվում՝ ազգագրությունը հետազոտություն իրականացնելու համար մշակված հետազոտական միջոցների, գործիքների կիրառման կարիք ունի. խոսքը մեթոդների մասին է։ Ճիշտ ընտրված մեթոդը հանդես է գալիս որպես ինքնատիպ կողմնացույց, որի միջոցով հնարավոր է հասնել ճշմարիտ լուծման՝ խուսափելով հնարավոր սխալներից։ Ֆրենսիս Բեկոնը մեթոդը համեմատում էր «ջահի հետ, որը մթության մեջ լուսավորում է ճանապարհը»[7], իսկ օրինակ հոգեբան Լև Վիգոտսկին «մեթոդը համեմատում էր կենդանի օրգանիզմում եղած ոսկորների հետ, որի վրա պահվում է ողջ օրգանիզմը»։
Հարկ է շեշտել, որ սկզբնական շրջանում գիտնականները օգտագործում էին դաշտային դիտման, նկարագրման, քարտեզագրման մեթոդները և այլն։ Ազգագրություն գիտության ձևավորման և զարգացման հարցում կարևոր ներդրում ունեն էվոլյուցիոնիստական, դիֆուզիոնիստական, ֆունկցիոնալիստական, ամերիկյան մարդաբանական դպրոցները, որոնց շնորհիվ մշակվեցին մի շարք մեթոդներ և գիտական մոտեցումներ։ Այսպես օրինակ էվոլյուցիոնիստական և դիֆուզիոնիստական դպրոցների կողմից մշակվեց պատմահամեմատական մեթոդը, որը չնայած այսօր գրեթե չի կիրառվում։ Մշակվեցին մշակույթի ուսումնասիրության մոտեցումներ և օրինաչափություններ, առաջ քաշվեց վերապրման մեթոդը, իսկ ավելի ուշ ի հայտ եկան համալիր հեետազոտության մեթոդները և մշակութային անհատականացման մոտեցումները։ Խորհրդային ազգագրությունում մեծ տեղ էր հատկացվում դաշտային ազգագրական նյութերի՝ ԴԱՆ-ի հավաքմանը և նկարագրմանը, որոնք սահմանվում էին հետևյալ կերպ. ԴԱՆ-ը ռեալ իրականությունից, կոնկրետ բանասացների գրառած նյութերն են, որոնք ազգագրագետների մոտ հայտնի է նաև «աշխատանք դաշտում» անունով[8]։
Ժամանակակից ազգագրության գիտական վերլուծության համար օգտագործվում են վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական տեքստերը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը։ Առավել կարևոր են իրականացված դիտարկումները։ Նման բազմազան նյութերի մշակումը և վերլուծությունը պահանջում է տարբեր մեթոդների կիրառում[9]։
Ազգագրության հիմնական մեթոդը հանդիսանում է ժողովուրդների և կյանքի ուղղակի դիտարկումը, նրանց վերաբնակեցումը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները և դրանց հետագա վերլուծությունը։ Քանի որ ազգագրությունն ուսումնասիրում է ոչ միայն ժամանակակից ազգերի գոյություն ունենալը, այլև նրանց պատմական և մշակութային զարգացումը, էթնոգենեզում և պատմության մեջ նրանց սոցիալական ինստիտուտ դառնալը, ապա պետք է ասել, որ օգտագործվում է նաև գրավոր և նյութական աղբյուրները։ Ազգագրական հետազոտությունների կարևորությունը նրանում է, որ իրականացվում են հետազոտական տարածքում և անվանում են ազգագրական դաշտային հետազոտություններ[10]։
Դաշտային ազգագրություն – հետազոտություն է, որն իրականանում է գոյություն ունեցող ազգերի շրջանում՝ նպատակ ունենալով՝ հավաքագրելու ազգագրական առաջնային տվյալներ ավանդական-կենցաղային մշակույթի և նրա՝ որպես որոշակի համակարգի, գործառնության առանձին կառուցվածքային բաղադրիչների մասին[9]։
Առանձնացվում են դաշտային ազգագրական հետազոտությունների երկու տեսակներ.
- Ստացիոնար. Այս դեպքում ազգագրագետը երկար ապրում է ուսումնասիրվող ազգի մեջ, ավելի մանրամասն է ծանոթանում նրա նյութական և հոգևոր մշակութին։
- Էկսպեդիցիոն. Սա ավելի լայն տարածում ունեցող տեսակն է, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում նյութեր հավաքել ազգերի գոյության, հագուստի, բնակավայրի մասին[11]։
Դաշտային ազգագրական հետազոտություններում մեջ օգտագործվում են ազգագրական մեթոդների մեկ ամբողջական համալիր, ինչպես օրինակ՝ դիտման, հարցազրույցի, հարցմա, հարցաթերթային մեթոդները[12]։
- Դիտման մեթոդ. ենթադրում է մշակութային իրավիճակի նկարագրում, ապա ամրագրում լուսանկարի կամ տեսանկարահանման միջոցով։ Որոշ դեպքերում հետազոտողը ևս կարող է մասնակցել մշակութային գործունեությանը և ներսից ուսումնասիրել մշակութային ֆենոմենը, չնայած որ այս պարագայում հետազոտողը դիտման մեթոդից անցնում է մասնակցային մեթոդին։ Դիտման մեթոդն ազգագրական հետազոտության անբաժանելի մասն է, քանի որ այն հնարավորություն է տալիս հարցվողների խոսքային վարքին զուգահեռ հետազոտել նաև նրանց ոչ խոսքային վարքը, ենթամշակույթը, թաքնված դրդապատճառները, վարքային յուրօրինակ մոդելները։
- Հարցման մեթոդ. առանձնավում է հարցման երկու եղանակ՝ կիսակառուցվածքավորված և կառուցվածքավորված։ Վերջինի դեպքում հարցազրուցավարը հարցումը անցկացնում է նախապես պատրաստած հարցաշարի միջոցով, իսկ կիսաձևակերպված հարցման դեպքում՝ հարցաշարը բացակայում է։ Հարցազրույցները լինում են նաև թեմատիկ, խորքային և այլն։
- Հարցաթերթային մեթոդ. փակ՝ հստակ պատասխաններ ակընկալող, և բաց հարցերից բաղկացած հարցաշար։ Նման հարցաթերթերը կարող են անցկացվել փոստային կամ հեռախոսային կապի միջոցով։
- Նկարագրման մեթոդ, երբ հետազոտողը վերստեղծում է տեսած պատկերը։
- Տիպաբանման մեթոդ, հետազոտողը, վերլուծելով հավաքագրված ողջ նյութը, փորձում է տեսակավորել՝ ըստ որոշակի առանձնահատկությունների, օրինաչափությունների։
- Խաչամշակութային համեմատական մեթոդ, որը միտված է համեմատության միջոցով վեր հանելու տարբեր մշակույթների նմանություններն ու տարբերությունները։
- Քարտեզագրման մեթոդ։
- Քանակական վերլուծության մաթեմատիկական մեթոդներ։ Այս մեթոդը կիրառվում է զանգվածային հարցումների արդյունքները վերլուծելու համար։
- Փաստաթղթերի վերլուծության մեթոդ. իրենից ներկայացնում է տեքստի ներքին և արտաքին բովանդակության որակական վերլուծություն։ Առանձնացվում են փաստթղթերի տարբեր տեսակներ, օրինակ նամակներ, ինքնակենսագրություններ, արխիվային նյութեր, գիտական գրականություն[13][14][15]։
Կարելի է առանձնացնել ազգագրական հետազոտության երեք հիմնական կատեգորիաներ.
- Ամբողջական ազգագրական հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը ձգտում է ուսումնասիրել մշակութային համալիրն ամբողջությամբ։
- Թեմատիկ ուղղվածությամբ ազգագրական հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը նեղացնում է հետքաքրքրության ոլորտը և կենտրոնանում մշակութային երևույթի կոնկրետ ասպեկտի վրա։
- Վարկածների մշակմանն ուղղված ազգագրական հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը բացահայտում է այս կամ այն մշակութային պրակտիկաները[16][17]։
Հետազոտության ընթացակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգագրական հետազոտությունն ընթանում է նախապես սահմանված փուլերով։ Առաջին փուլում սահմանվում է հետազոտական խնդիրը։ Երկրորդ փուլում որոշվում են հետազոտական գործիքները և մեթոդները։ Երրորդ փուլում արդեն սահմանված մեթոդներով իրականացվում է բուն հետազոտությունը։ Ազգագրական հարցազրույցների ժամանակ տրվում են երեք տեսակի հարցեր՝ նկարագրական, կառուցվածքային և հակադիր։ Չորրորդ փուլում հավաքված նյութերը և կատարված դիտարկումները ենթարկվում են վերլուծության։
Արդյունքների վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգագրական հետազոտությունների արդյունքների վերլուծության համար անհրաժեշտ է ունենալ մանրամասնված գրառումներ կամ սղագրություններ։ Գրառումները որպես կանոն պետք է պարունակեն տեղեկություններ.
- Դիտարկման վայրի ամսաթվի և ժամի մասին,
- Նշանակալի դեպքերի մանրամասներ,
- Զգայական տպավորությունների (ձայն, հոտ, համ և այլն)։
Ըստ Հ. Ուոլքոթի՝ ազգագրական հետազոտությունը պետք է անցնի վերլուծության երեք մակարդակներ.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչգիտական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Հին Եգիպտոսում գոյություն ունեին ազգագրական հետազոտություններ, որոնցում նկարագրվում էին հարևան ազգերը։ Ավելի ուշ ի հայտ են գալիս դիտարկումներ Միջագետքից և վաղ աստվածաշնչյան տեքստերի հետազոտություններ[21]։
Ազգագրական հարուստ տեղեկություններ ենք ստանում ենք Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից. Ստրաբոն, Դեմոկրիտ, Հիպոկրատ, ով նկարագրում էր ազգերի տարբերությունները՝ պայմանավորված աշխարհագրական տարածքով։
Շատ կարևոր աշխատանք է կատարել Հուլիոս Կեսարը, ինչպես օրինակ՝ Գալլական պատերազմի մասին գրառումներում զորավարը, դիտարկելով կելտերի ռազմական պոտենցիալը, համեմատում է գերմանական ցեղերի հետ[22]։
Ազգագրական հարուստ նյութ է հավաքագրել հռոմեացի պատմաբան Կոռնելիոս Տացիտը։ Արդեն իր վաղ աշխատանքներում նա փորձում է համակարգել տեսածը՝ օրինակ՝ ե՞րբ, որտեղի՞ց են ծագել Բրիտանիայի ժողովուրդները, ինչո՞վ է բացատրվում նրանց պատմա-ազգագրական բազմազանությունը։ Առավելապես կարևոր է «Գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղադրության մասին» աշխատությունը[23]։
Հռոմեական կայսրության անկումից (476 թվական) հետո գիտության կենտրոնը դառնում է Բյուզանդիան։ Այս շրջանը հայտնի է այնպիսի հեղինակներով, ինչպիսիք են Պրոկոպիոս Կեսարացին, ով բավական տեղեկություններ է հաղորդել սլավոնների մասին՝ նկարագրելով նրանց մշակույթը, արտաքին տեսքը, կենցաղը[24], Աննա Կոմնինը և այլք;
Գիտության զարգացման համար մեծ նշանակություն ունեին խաչակիրների նկարագրությունները, ինչպես նաև միջնադարյան, արևմտյան Եվրոպայի ժամանակագրությունները։
Գիտական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ նախապատմություն ունենալով՝ Ազգագրությունը որպես գիտություն հանդես է եկել 18-19-րդ դարերում, կապիտալիզմի զարգացման և մոդեռնիստական գաղափարների տարածման արդյունքում, ինչպես մի շարք այլ գիտակարգեր և գիտական տեսություններ։ Գիտության ձևավորումը ընթացել է մի քանի փուլերով, որոնց ընթացքում ազգագրության ուսումնասիրության առարկան և օբյեկտը փոփոխվել են։ Եթե սկզբնական փուլում ազգագրության ուսումնասիրության առարկան էկզոտիկ մշակույթներն էին և նրանց կրողները, ապա կապիտալիզմի և մոդեռն ժամանակաշրջանում՝ եվրոպական մշակույթները և մշակութային միջավայրերը[25][26] Агаев А. Г. К вопросу о теории народности. Махачкала, 1965[27]:
Էվոլուցիոն դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվոլուցիոն դպրոցի հիմնադիրը համարվում է Էդուարդ Թեյլորը (1832-1917 թվականներ)։ Նրա հիմնական աշխատությունը կոչվում է «Նախնադարյան մշակույթ», որտեղ հեղինակը գալիս է հետևյալ եզրակացություններին.
- Մշակույթը զարգանում է առաջընթացի ուղղությամբ՝ նախնադարյանից՝ ժամանակակից։
- Ազգերի միջև գոյություն ունեցող տարբերությունները կապ չունեն ռասայական տարբերության հետ, այլ արտացոլում են մշակութային զարգացման ձեռք բերված մակարդակը։
- Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի բոլոր կոնկրետ տարրերը կամ ինքնուրույն են ձևավորված կամ փոխառնված են հարևաններից կամ էլ ժառանգված նախնիներից։
Թեյլորին է պատկանում նաև այնպիսի հասկացության ներմուծումը, ինչպիսին է «վերապրուկ»։ Օրինակ՝ «կոտրված հայելին ռուդիմենտար բնույթ ունի, բայց, այնուամենայնիվ, անհաջողության նկատմամբ հավատը պահպանվում է»[28][29]։
Այս դպրոցի ներկայացուցիչներից էին նաև Հերբերտ Սպենսերը, Լյուիս Մորգանը, Յոհան Բախովենը և այլք։
Խորհրդային դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային դպրոցը սկսեց կիրառել «ազգագրություն» տերմինը 20-րդ դարի 60-ականներին։ Այս դպրոցը հիմնադրվել է ինչպես արտասահմանյան հետազոտությունների այնպես էլ հայրենական դպրոցի հիման վրա։ Դեռ Կոնստանտին Կավելինը Թեյլորից 10 տարի առաջ ներմուծել է «վերապրուկ» հասկացությունը[30][31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тишков В.А. Реквием по этносу: Исследования по социально-культурной антропологии. М.: Наука. 2003. — 544 с.
- ↑ Бузин В.С. От автора // Этнография русских: Учебное пособие / Под ред. В.И. Седых; Л.С. Лаврентьева.. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2009. — С. 3-5. — 421 с.
- ↑ Андрей Головнев. Парадоксы народоведения
- ↑ Беркович, Н. А. Племя, народность, нация (социально-философское исследование): автореф. дис. д-ра филос. наук : 09.00.11 / Н.А. Беркович ; СПбГУ. - Санкт-Петербург : [б. и.], 2002. - 40 с.
- ↑ Бромлей Ю. К. К вопросу о сущности этноса // «Советская этнография». 1970.
- ↑ Этнография Учебник/Под ред. Ю.В. Бромлея и Г.Е. Маркова. М.: Высш. школа, 1982. — 320 с.
- ↑ Н.В. Рябоконь. Философия УМК. Философия Нового времени. Проблема метода и субстанции в философских воззрениях Ф. Бэкона и Р. Декарта - Минск.: Изд-во МИУ, 2009
- ↑ Зорин А., Основы этнографии учебное пособие, Астана, 1994.
- ↑ 9,0 9,1 Громов Г. Методика этнографических экспедиций. — М.: МГУ, 1966 стр.10-12
- ↑ Этнография //Большая советская энциклопедия /Гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. М.: Гос. науч. из-во «БСЭ», 1955. Т. 49. С. 249—255.
- ↑ Татарова Г.Г. Методология анализа данных в социологии (введение) / Учебник для вузов. — М.: NOTA BENE, 1999. — 224 с.
- ↑ Садохин А., Этнология, Москва, 1987.
- ↑ Винер Б. Е. Этничность: В поисках парадигмы изучения // ЭО. 1998. №4.
- ↑ Арутюнов С. А., Мркарян Э. С., Мкртумян Ю. П. Проблемы исследования культуры жизнеобеспечения этноса // СЭ. 1983. №2.
- ↑ Алексеев В. П., Бромлей Ю. В. К изучению роли переселения народов в формировании этнических общностей // СЭ. 1968. N9 2.
- ↑ Сорокин Π.Α. Общедоступный учебник социологии. Статьи разных лет / Ин-т социологии. - М.: Наука, 1994. — 560 с.
- ↑ Девятко И.Ф. Диагностическая процедура в социологии. Очерк истории и теории. — М.: Наука, 1993. — 175 с.
- ↑ Э.П.Андреев, Г.В.Осипов. Методы измерения в социологии. Москва: Наука, 1977
- ↑ Ядов В.А. Социологическое исследование: методология, программа,методы
- ↑ Крыштановский, А. О. Анализ социологических данных с помощью пакета SPSS [Текст]: учеб. пособие для вузов / А. О. Крыштановский; Гос. ун-т — Высшая школа экономики. — М. : Изд. дом ГУ ВШЭ, 2006. — 281, [3] с. — (Учебники Высшей школы экономики). — Прил.: с. 225— 281. — 2000 экз. — ISBN 5-7598-0373-5 (в пер.)
- ↑ С. А. Токарев. Истоки этнографической науки. М.: 1978 стр.15-1
- ↑ Записки Юлия Цезаря и его продолжателей (Перевод и редакция М. М. Покровского) М.: 1948
- ↑ Модестов В. И. Тацит и его сочинения. Историко-литературное исследование. СПб, 1864
- ↑ Прокопий Кесарийский. Война с персами. Война с вандалами. Тайная история. / Пер., ст., комм. А. А. Чекаловой. Отв. ред. Г. Г. Литаврин. (Серия «Памятники исторической мысли»). М.: Наука, 1993. 576 стр
- ↑ Алексеев В. П. Об иерархии и критериях выделения этнических общностей // PH. М., 1988. Вып. 18.
- ↑ Акимова О. А. Развитие средневековых представлений о происхождении хорватов // Этнические процессы в Центральной и Юго-Восточной Европе. М., 1988.
- ↑ Арутюнов С. А., Чебоксаров Н. Н. Этнические процессы и информация // Природа. 1972. N2 7
- ↑ Эдуард Тэйлор. Первобытная культура, 1939.
- ↑ Введение в этнографию: Учебное пособие. Л., 1991 стр. 133
- ↑ С. А. Токарев. История русской этнографии. М., Наука, 1966
- ↑ Кавелин К. Д. Мысли и заметки о русской истории//Наш умственный строй. С.210-212.
Ընթերցե՛ք «ազգագրություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգագրություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 103)։ |