Ստվարաթուղթ
Ստվարաթուղթ, թղթի տարատեսակ, որը բնութագրվում է մեծ տեսակարար զանգվածով։ Թղթի և ստվարաթղթի խիստ սահմանազատման միասնական միջազգային դասակարգում գոյություն չունի։ Ստվարաթղթի մշակման հիմնական տեխնոլոգիական գործողությունները (աղում, ձուլում, մամլում և չորացում) սկզբունքորեն չեն տարբերվում թղթի մշակման նման գործողություններից, սակայն ստվարաթղթի ստացման համար առավել հաճախ օգտագործում են ավելի կոպիտ և կոշտ թելքավոր նյութեր՝ գորշ փայտազանգված, կիսաթաղանթանյութ, սուլֆատային թաղանթանյութ, ստվարաթղթի մակուլատուրա։
Ըստ նշանակման ստվարաթղթերը կարող են ստորաբաժանվել․ փաթեթավորման (արկղերի և տուփերի պատրաստման համար), պոլիգրաֆիական (կազմարարական, մատրիցային և այլն), շինարարական (երեսապատման, պատի շարվածքի և այլն), տեխնիկական (միջադիրի, աղմուկա- և ջերմամեկուսացման և այլն)։
Ստվարաթուղթ պատրաստում են հատուկ մեքենաներով։ Տարբերում են միաշերտ և բազմաշերտ ստվարաթղթեր։ Բազմաշերտ Ստվարաթղթի շերտերը սովորաբար մշակում են տարբեր թելքավոր զանգվածներից, ներքին շերտերը ձուլում են էժան թելքավոր նյութերից, իսկ արտաքին շերտերը՝ առավել ամուր և թանկ մանրաթելերից։ Ստվարաթղթի հատկությունները գնահատվում են մի շարք ընդհանուր (1/2-ի զանգվածը, հաստությունը, խոնավությունը և այլն) և հատուկ տեխնիկա (ներծծելու ունակությունը, էլեկտրամեկուսիչ հատկությունները, ձևափոխումը՝ խոնավացնելիս ու չորացնելիս և այլն) ցուցանիշներով։
Ստվարաթղթի յուրաքանչյուր տեսակից պահանջվող հատկությունների ապահովումը ձեռք է բերվում համապատասխան կիսաֆաբրիկատների ընտրությամբ, մշակմամբ և ստվարաթղթի բաղադրության մեջ սոսնձող, կապակցող, հագեցնող, ներկող նյութերի ավելացմամբ, մակերևույթի վրա պոլիմերային թաղանթների, մետաղական փայլաթիթեղի սոսնձմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 150)։ |