Պանդորա (հունարեն՝ Πανδώρα, բառացի՝ համաշնորհ), հին հունական դիցաբանության մեջ առաջին կինը, որը ստեղծվել է Զևսի կամքով մարդկանց՝ Պրոմեթևսի կողմից նրանց համար կրակ գողանալու համար։
Առասպելի համաձայն՝ Պանդորային արարել է Հեփեստոսըկավից ու ջրից դիցուհու կերպարանքով ու մարդկայինձայնով, Ափրոդիտեն օժտել է սքանչագեղությամբ, Հերմեսը՝ խորամանկությամբ, հնարամտությամբ, խաբեբայությամբ ու խարդախությամբ, իսկ Աթենասը նրա համար հյուսել է վայելչագեղ զգեստ։ Հակառակ Պրոմեթևսի նախազգուշացումներին, Պանդորան իր գեղեցկությամբ հրապուրել ու ամուսնացել է նրա եղբոր՝ Էպիմեթևսի հետ։ Շուտով Զևսը Հերմեսի միջոցով Պանդորայի բնակարանում թողել է ամեն տեսակ հիվանդություններով, վշտերով, դժբախտություններով, մեղքերով ու չարիքներով լեցուն մի տուփ։ Հետաքրքրասիրության մոլուցքով բռնված Պանդորան բացել է տուփը, և այդ ամենը թևավոր ոգիների նման թափվել են մարդկանց վրա՝ խոցելով նրանց հոգիներն ու մարմինները։ Նրանց ուրախությունն ու զվարճությունը փոխվել է տառապանքի։ Զևսի կամքով փակված տուփի հատակում մնացել է միակ մխիթարության և բարի ոգին՝ հույսը, որն ազատություն էր աղերսում՝ խոստանալով բուժել տառապյալ մարդկությանը։ Պանդորայի առասպելը նմանեցվում է աստվածաշնչյան այն առասպելին, ըստ որի չարիքը մարդկանց ու աշխարհին հասնում է կնոջ (Եվա) միջոցով։ «Պանդորայի արկղ» արտահայտությունը այլաբանորեն նշանակում է արհավիրքների զետեղարան կամ դժբախտություններով լեցուն նվեր։ Պանդորայի առասպելն արտացոլվել է արվեստում (Ռուբենս և ուրիշներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 119)։