Jump to content

Կառլ Զիլբերբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Զիլբերբաուեր
գերմ.՝ Karl Josef Silberbauer
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1911(1911-06-21)
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 2, 1972(1972-09-02) (61 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա,  Գերմանիա և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունսպա և Gestapo employee
ԱշխատավայրԳեստապո
ԱնդամությունՍՍ
 Karl Josef Silberbauer Վիքիպահեստում

Կառլ Յոզեֆ Զիլբերբաուեր (գերմ.՝ Karl Josef Silberbauer, հունիսի 21, 1911(1911-06-21), Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 2, 1972(1972-09-02), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի օբերշարֆյուրեր, որը 1944 թվականին ձերբակալել է Աննա Ֆրանկին և նրա ընտանիքին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Զիլբերբաուերը ծնվել է 1911 թվականի հունիսի 21-ին Վիեննայում։ Ծառայել է ավստրիական բանակում, որից հետո աշխատանքի անցել ոստիկանությունում, որտեղ աշխատում էր նաև հայրը։ Չորս տարի անց անցել է գեստապոյի շարքերը և տեղափոխվել Նիդերլանդներ։

1944 թվականի օգոստոսի 4-ին Զիլբերբաուերը իր անմիջական ղեկավար Յուլիուս Դեթմանից ստացել է հանձնարարական՝ ստուգելու այն տեղեկատվությունը, որ Ամստերդամի Պրինսենգռախտ 263-265 հասցեում թաքնվում են հրեաներ։ Մի քանի ոստիկանների հետ Զիլբերբաուերը մտել է տուն և հարցաքննել հոլանդուհի Միպ Գիզին, ով թաքցրել էր Ֆրանկների ընտանիքին։ Հարցաքննության ժամանակ Գիզը, ով նույնպես ծագումով ավստրիացի էր, Զիլբերբաուերի խոսվածքում որսացել է վիեննական բարբառը և, չդիմանալով, ակնարկել այդ մասին։ Ի պատասխան Զիլբերբաուերը կատաղել է և հարցրել, թե «վատ չի զգում, որ թաքցնում է կեղտոտ հրեաներին»։ Հետագայում, Գիզն իր հիշողություններում գրել է, որ Զիլբերբաուերը շփոթության մեջ էր․

Սպան հայացքով զննում էր և, թվում էր, մտածում է․ «Ահա, դեմ առ դեմ կանգնած են երկու մարդիկ, ովքեր ծնվել են միևնույն երկրի նույն քաղաքում։ Մեկը որսում է հրեաներին, մյուսը՝ օգնում նրանց։

Ֆրանկների ընտանիքը ձերբակալվել է և ավելի ուշ տեղափոխվել Վեստերբորկ համակենտրոնացման ճամբար։

1945 թվականի ապրիլին Զիլբերբաուերը վերադարձել է Վիեննա, որտեղ դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման՝ Գերմանիայի կոմունիստական կուսակցության անդամների հարցաքննության ժամանակ ցուցաբերած առանձնակի դաժանության համար[1]։ Պատերազմից հետո աշխատել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունում՝ որպես նեոնացիստական կազմակերպությունների հետազոտող[2][3]։

Նացիստների «որսորդ» Սիմոն Վիզենտալը 1958 թվականին փորձել է գտնել Զիլբերբաուերին։ Այդ քայլին նրան դրդել են Հոլոքոստի ավստրիացի ժխտողները, ովքեր կասկածի տակ էին դրել Աննա Ֆրանկի գոյությունը։ Նրանցից մեկը հայտարարել է, որ կհավատա աղջնակի գոյությանը միայն այն ժամանակ, եթե գտնվի այն մարդը, ով ձերբակալել է նրան։ 1963 թվականի գարնանը Վիզենտալին հաջողվեց գտնել Զիլբերբաուերին, ով այդ ժամանակ ծառայում էր արևմտագերմանական քրեական ոստիկանությունում որպես տեսուչ։ Վիզենտալն այդքան էլ վստահ չէր, որ գտել է ճիշտ մարդու, քանի որ Միպ Գիզն իր հուշերում գրել էր, որ օբերշարֆյուրերն ուներ վիեննական շեշտադրում, իսկ հայտնաբերված ոստիկանները, ովքեր մասնակցել էին ձերբակալությանը, հիշում էին, թե Զիլբերբաուերի ազգանունը Սիլվերնագել էր։ Վիզենտալը կարողացավ պարզել իրական ազգանունը՝ ուսումնասիրելով հոլանդացի գեստապոականների ցուցակը։ 1963 թվականի հունիսի 2-ին ուղարկված հարցմանը Վիեննայի ոստիկանությունը պատասխանել է միայն մի քանի ամիս անց՝ հայտնելով, որ դեռևս պատրաստ չէ հայտնել որոնման արդյունքները։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Զիլբերբաուերը հարցաքննվել է և խոստովանել, որ ժամանակին ձերբակալել է Աննա Ֆրանկին։ Դրանից հետո Վիեննայի ոստիկանությունը, վախենալով, որ Զիլբերբաուերի անցյալը կվարկաբեկի կառույցի գործունեությունը, առանց փոխհատուցելու ժամանակավոր հեռացրել են նրան աշխատանքից և հրամայել լռել։ Զիլբերբաուերը, չդիմանալով, ամեն ինչ պատմբել է իր ընկերոջը, ով հանդիսանում էր Ավստրիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Վերջինս, այդ մասին անմիջապես պատմել է կուսակցական թերթին, որի արդյունքում 1963 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակվել է համանուն հոդված։ Ավելի ուշ, խորհրդային «Իզվեստիա» թերթն իր շնորհակալությունն է հայտնել «ավստրիացի գործընկերներին»։ Վիզենտալը կատաղել է և Զիլբերբաուերի տան հասցեն փոխանցել Նիդերլանդների ոստիկանությանը։

Դրանից հետո, Զիլբերբաուերին սկսել են հետապնդել լրագրողները և նա սկսել է պատմել եղելությունը։ Այդքան տարիներից հետո, Զիլբերբաուերը բավականին վառ կերպով նկարագրել է ձերբակալության գործընթացը։ Մասնավորապես, նա հիշում էր, որ Աննա Ֆրանկի հորը՝ Օտտո Ֆրանկին հարցրել է, թե ինչքան ժամանակ են նրանք գաղտնի բնակվել։ Երբ Օտտոն պատասխանել է, թե թաքնված են եղել երկու տարի և մեկ ամիս, Զիլբերբաուերը սկզբից չի հավատացել։ Օտտոն նրան ցույց է տվել աղջիկների հասակների չափերը, որոնք հայրը նշել էր՝ թաքնվելուց անմիջապես հետո։ Թղթակիցների այն հարցին, թե Կառլը կարդացել է արդյոք «Աննա Ֆրանկի օրագիրը», Զիլբերբաուերը խոստովանել է, որ գնել է այն, որ միայն նայի, թե արդյոք Աննան հիշատակել է իր անունը։ Չնայած, որ Զիլբերբաուերը հետագայում՝ հատուկ լսումների ժամանակ հանդիպել է Օտտո Ֆրանկի հետ, վերջինս հայտարարել է, որ Կառլը մեղավոր չէ իր աղջկա մահվան համար՝ նշելով, որ հիմնական մեղքը բաժին է հասնում մատնիչին։ Քանի որ վիեննական և ամստերդամյան ոստիկանությունները չկարողացան ամբողջությամբ ապացուցել Զիլբերբաուերի մեղքը, բացի այդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օտտո Ֆրանկը, իր ընտանիքի ոչնչացման համար, մեղավոր չի ճանաչում Կառլ Զիլբերբաուերին, նրան հաջողվեց խուսափել հետագա պատասխանատվությունից[4]։ Ավստրիայի կառավարությունը Զիլբերբաուերին վերականգնեց իր պաշտոնում՝ տեղափոխելով նրան հետախուզման բաժնի գրասենյակային հաստիքի[4][5]։

Այդ ժամանակ վերաբացվել էր մատնիչի որոնման գործը և Զիլբերբաուերը դիտարկվում էր որպես տեղեկատվության կարևոր աղբյուր։ Սակայն վերջինս որևէ նոր բան չհայտնեց, քանի որ նրա հրամանատարը՝ ՍՍ-ի լեյտենանտ Յուլիուս Դեթմանը, ստանալով լուրը, իրեն միայն փոխանցել էր, որ տեղեկատվությունը ստացվել է «վստահելի աղբյուրից»։ Հետագայում Դեթմանը ինքնասպանություն էր գործել ռազմագերիների ճամբարում։

Զիլբերբաուերը մահացել է 1972 թվականին Վիեննայում։ Նա թաղված է Մաոէր Ֆրիդենշտրասե գերեզմանատանը, որտեղ թաղված է նաև նրա կինը՝ Բարբարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Müller, 2012, էջ 276
  2. Paterson, Tony. (2011 թ․ ապրիլի 11). «Nazi who arrested Anne Frank 'became a spy for West Germany'» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  3. «El policía nazi que arrestó a Ana Frank en Ámsterdam fue después espía para la República Federal de Alemania» (իսպաներեն). El País. 11 апреля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  4. 4,0 4,1 «Арестовавший Анну Франк эсэсовец нашёл работу в разведке ФРГ». Lenta.ru. 2011 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Нацист, арестовавший Анну Франк, «стал шпионом западногерманской разведки»». Голос России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lee C. A. Roses from the Earth: The Biography of Anne. — Viking Books, 1999. — 320 p. — ISBN 0670881406
  • Koch P. F. Enttarnt. Doppelagenten: Namen, Fakten, Beweise. — Salzburg: Ecowin, 2011. — 472 p. — ISBN 9783711000088
  • Müller M. Anne Frank: The Biography. — Metropolitan Books, 2012. — 400 p. — ISBN 0805087311

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Զիլբերբաուեր» հոդվածին։